Արդարադատության նախարարությունը հերքում է, թե լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակված նախագիծը իրենց կողմից մշակված վերջնական տարբերակն է, հայտնում է «Ազատությունը»։ Միաժամանակ գերատեսչությունը չի հստակեցնում՝ իրենց մշակած տեքստում պահպանվե՞լ է արդյոք հղումը Անկախության հռչակագրին։
Նախարարի մամուլի քարտուղարը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ հրապարակված տարբերակը այն չէ, որը պետք է ներկայացվի հանրությանը՝ հավելելով, որ առաջիկայում հրապարակվելու է նոր տեքստ, և այն չի լինելու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտարարել էր, թե իր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը։ Նշված տեքստի նախաբանից բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, որը պարունակում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպում։
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը չի պատասխանել հարցին, թե արդյոք նախարարության մշակած նախագծում հանվել է Անկախության հռչակագրին հղումը՝ նշելով, որ օրվա ընթացքում կհրապարակվի լրացուցիչ պարզաբանում։
Հիշեցնենք, որ Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու պահանջ է ներկայացնում Ադրբեջանը՝ պնդելով, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նախկինում անդրադարձել է այս հարցին՝ հռչակագիրը բնութագրելով որպես հակամարտության աղբյուր և կարծիք հայտնելով, որ նոր Սահմանադրության նախագծում այն չպետք է հիշատակվի։ Սակայն տեքստը մշակող Արդարադատության նախարարությունը դեռևս չի բացահայտում՝ հղումը կմնա, թե կհեռացվի։










