«Սա անօրինակ քայլ էր, երբ ընդդիմադիր ուժի առաջնորդին հնարավորություն չի տրվել անցկացնել նորմալ ընտրարշավ, շփվել սեփական ժողովրդի հետ։ Իհարկե, կարող ենք հասկանալ, թե ինչու է դա արվում․ կա բազային վախ։ Այս մասին «Արմենիա» ՀԸ եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Պարզ է, որ 3 ամսով տնային կալանքի պահանջը ընտրարշավին Սամվել Կարապետյանի մասնակցությունը խոչընդոտելն է։ Եթե Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել նրան և Փաշինյանին: Փաշինյանը, անձամբ ճանաչելով Կարապետյանին, վստահ է, որ մարդիկ կհասկանան՝ երկրին նոր ուժեղ առաջնորդ է պետք և կընտրեն Կարապետյանին։
Եթե իրենք որևէ մտավախություն չունեին, ինչո՞ւ երկարացրեցին տնային կալանքը»,- հարցադրում է անում Նարեկ Կարապետյանը։
Նա նաև հավաստիացնում է, որ հիմնական պատճառը վախն է․ «Սա ընդդիմադիր հայացքների դեմ արշավ է այն իշխանության կողմից, որը երկար տարիներ եղել է ընդդիմություն և իշխանության է եկել ժողովրդավարության խախտման դեմ պայքարի կոչերով։ Սակայն. մենք տեսնում ենք, որ իշխանության գալուց հետո կոստյումը սկսել է դուր գալ, ու վերածվել են սովորական, կոռուպցիոն համակարգերին բնորոշ իշխանիկների»։










