Բաքվում ապօրինի պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել.
Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։
Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։










