ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների նպաստ ստանալու գործընթացը.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, ստացել է կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն։

Նախաքննությամբ հաստատվել է, որ պաշտոնյան 2022 թվականին Լոռու մարզի բնակչից ստացել է մեկ ամսվա նպաստի չափով կաշառք՝ նպաստի տրամադրումը չդադարեցնելու համար։ Դրա դիմաց նա չի արձանագրել շահառուի՝ ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ։

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև մեկ այլ դեպք, երբ նույն պաշտոնյան նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին ստացել է մեկ ամսվա նպաստի չափով կաշառք։ Արդյունքում՝ երկու քաղաքացիներ ապօրինի ստացել են ընդհանուր 786 հազար դրամ նպաստ։

Պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի և հափշտակության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Լոռու մարզի երեք բնակիչների նկատմամբ։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Աղբյուր՝ ԱԱԾ

Shares: