Ծանր իրավական հետևանքներ՝ հեղինակային իրավունքները խախտողների համար. ի՞նչ է բացահայտվել

Ժամանակակից աշխարհում գնալով աճում է մարդու ստեղծարար գործունեության արդյունքների արժևորման և դրանց իրավական պաշտպանության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում մտավոր սեփականության իրավունքը կոչված է կարգավորելու մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավական հիմքերը և դրանց սեփականատերերի իրավունքների պաշտպանությունը:

Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մտավոր սեփականության օբյեկտերն են մարդու մտավոր գործունեության արդյունքները (գիտության, գրականության և արվեստի ստեղծագործություններ, գյուտեր, արդյունաբերական դիզայններ և այլն) և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները (ապրանքային նշաններ, ֆիրմային անվանումներ և այլն):

Այլ անձանց կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը թույլատրվում է բացառապես դրանց իրավատիրոջ համաձայնությամբ: Առանց նման համաձայնության մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը համարվում է  իրավատիրոջ բացառիկ իրավունքների խախտում, որի դեպքում վերջինս կարող է պաշտպանել իր իրավունքները՝ արգելելով դրանց օգտագործումը և պահանջելով վնասների հատուցում: Ընդ որում, պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում զեղծարարները սովորաբար կրում են զգալի չափով ֆինանսական վնասներ։

Մեր կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում տեսնում ենք, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բազմաթիվ են մտավոր սեփականության իրավունքի խախտման դեպքերը, ինչին զուգահեռ բարձրացել է նաև դրանց դատական պաշտպանության անհրաժեշտությունը:

Մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության մեխանիզմների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այլոց հեղինակային իրավունքների խախտումների, ապրանքային նշանների ապօրինի օգտագործման, կոնտրաֆակտ (կեղծ, նմանակված) ապրանքների տարածման և այլ  նմանատիպ խախտման դեպքերի ավելացում է արձանագրվել: Դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) առկա են մի շարք դատական գործեր, որոնց շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների սեփականատերերը դիմել են դատական պաշտպանության՝ իրավունքը խախտող անձանց դեմ:

Մասնավորապես, «Սիրուշո Փրոդաքշն» ՓԲ ընկերության կողմից արդյունավետորեն իրացվում է հեղինակային իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Խախտման դեպքերը՝ կապված են ընկերությանը պատկանող «PREGOMESH» ապրանքային նշանի ներքո թողարկվող զարդերի կեղծ և նմանակված ապրանքների տարածման և վաճառքի հետ:

Ընկերությունը բազմիցս հայտարարությունների տեսքով անդրադարձել է այս հարցին՝ բարձրաձայնելով իր հեղինակային իրավունքների խախտումների և դրա արդյունքում ընկերությանը և սպառողներին պատճառվող վնասների մասին՝ փորձելով այդպիսով կանխել խախտումների հետագա դեպքերը: Սակայն, հաշվի առնելով դրանց բնույթը և ելնելով թե՛ սպառողների, թե՛ իր հաճախորդների օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ընկերությունն առավել հետևողական է դարձել դատական պաշտպանության գործիքակազմի կիրառման հարցում: Մասնավորապես, որոշ  դեպքերով, երբ կեղծարար գործունեությունը չի կասեցվել՝ «Սիրուշո Փրոդաքշն» ՓԲ ընկերությունը, որպես իր իրավունքների պաշտպանության միջոց՝ դիմել է նաև դատարան պարտավորեցնելով իր իրավունքները խախտող անձանց դադարեցնելու իրավախախտ գործողությունները, մասնավորապես՝ արգելելով իր կողմից ստեղծված և իր բացառիկ սեփականությունը հանդիսացող «PREGOMESH» ապրանքային նշանի ներքո թողարկվող զարդերի նմանակված (կոնտրաֆակտ) օրինակների վերարտադրումը, տարածումը (վաճառքը) սոցիալական մեդիայի և առցանց հարթակների և խանութ-սրահների միջոցով: Ներկայացված հայցադիմումներով պահանջվում է վնասների հատուցում, ինչպես նաև բռնագրավել կեղծ և նմանակված զարդերի արդեն իսկ պատրաստված և չվաճառված օրինակները: Այսինքն առավել քան ակնհայտ է, որ նման կեղծարարությամբ շահույթ հետապնդելը չի կարող արդյունավետ լինել, այլ հակառակը հանգեցնում է մեծ ծախսերի, իսկ դատական ակտերը չկատարելն իր հերթին հանդիսանում է հանցանք:

Մեծ ծավալների էր հասնում նաև «AZAT MARD» ապրանքային նշանի ապօրինի օգտագործմամբ արտադրվող կեղծ ապրանքների տարածումը, որի դեմ «Նոտուար» ՍՊ ընկերությունը ևս պայքարում է՝ դատական կարգով պահանջելով արգելել «AZAT MARD» ապրանքային նշանի օգտագործմամբ և «AZAT MARD» ապրանքային նշանի ներքո վաճառվող հագուստին/աքսեսուարներին նմանակված հագուստի/աքսեսուարների (կեղծ ապրանքներ) վերարտադրումը, տարածումը, վաճառքը խանութ-սրահի միջոցով, «AZAT MARD» ապրանքային նշանի ցանկացած եղանակով օգտագործումը, առգրավել և ոչնչացնել կեղծ ապրանքների արդեն իսկ գոյություն ունեցող և չվաճառված օրինակները, ինչպես նաև փոխհատուցել ընկերությանը պատճառված վնասները՝ բաց թողնված օգուտի տեսքով՝ կեղծ/նմանակված ապրանքների վաճառքից ստացված եկամտի չափով:

Ընդ որում, դատական գործերի մեծ մասով դատարանները կիրառում են հայցի ապահովման միջոցներ՝ գործի քննության հենց սկզբից արգելանք դնելով պատասխանողներին պատկանող   ենթադրվող կեղծ և նմանակված ապրանքների՝ արդեն իսկ պատրաստված և չվաճառված օրինակների վրա և արգելելով այդպիսի նոր օրինակների ստեղծումը և վաճառքը։ Նման գործունեություն ծավալող իրավաբանական անձինք հաճախ իրենց գործունեությունն իրականացնում են գտնվելով հարկային հսկողությունից դուրս, ինչը ևս առանձին իրավախախտում է և կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության ավելի խիստ մեխանիզմների:

DialecticaNews

Բաժանորդագրվել

WebsiteInstagram
Facebook

Shares: