Այս փուլում իրավաքաղաքական հարթությամբ ամենաճշգրիտ քայլը մանդատներից հրաժարվելն է,— «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը՝ նկատելով, որ այդ մանդատները չեն կարող բաշխվել այլ ուժերի։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի ու միանձնյա կառավարություն ձեւավորելու մասին. ԿԸՀ-ի միայն առավոտյան հրապարակած նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է 49,8 % ձայն։ Իրավապահ մարմինները, ինչպես նաեւ ԿԸՀ-ն անհետեւանք են թողել իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողի կամարտհայատության վրա այդ թվում սպառնալիքներով ազդելու, քվեարկության գաղնիտությունը խախտելու համատարած դրսեւորումները։ Ավելին՝ նույն իշխանական լծակները շարունակում են օգտագործվել քաղաքական հակառակորդների դեմ ճնշումների համար։
Ստեղծված իրավիճակին, եթե համարժեք իրավաչափ արձագանք չլինի, ապա, Գ. Դանիելյանի գնահատմամբ, ոչ միայն որևէ նշանակություն չի ունենա, այսպես կոչված, «սահմանադրական մեծամասնության» բացակայությունը, այլև կարձանագրվեն հիմքեր, որոնք չեն եղել նախորդ բոլոր ընտրություններում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապահովվել է 50 տոկոսից ավել մասնակցություն, որի առնվազն 50 տոկոսը քվեարկել է իշխող կուսակցության օգտին՝ դարձյալ ըստ պաշտոնական տվյալների: «Սա հենց այն է, ինչ անհրաժեշտ կլիներ հանրաքվեն կայացած և դրա արդյունքները ճանաչելու համար, ուստի պատահական չէր, որ հեռահար նկրտումներով ընտրություններին մասնակցելու կոչ էր անում նաև իշխող կուսակցությունը: Իհարկե, հանրաքվեի համար հարկ է հիմք ընդունել ոչ թե ձայների վերաբաշխմամբ ստացված տվյալները, այլ սկզբնական արդյունքը, սակայն չպետք է բացառել, որ «ձայներ փոշիացնող» դե յուրե կուսակցությունները նույն ջանասիրութամբ մշտապես կկարողանան ապահովել պակաս քվեները»,- նշել է գործիչը:
Ըստ իրավագիտության դոկտորի, սահմանադրական մեծամասնության կարիքը, ըստ էության, չի զգացվելու, քանզի գործնականում պետք չի գալու փոփոխություններ նախաձեռնել Սահմանադրությունում, սահմանադրական օրենքներում և այլն, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության նվազագույն շեմը, թերևս, կհաղթահարվի. չմոռանանք նաև, որ որոշակի ներգործության արդյունքում կարճ ժամանակ անց ի հայտ են գալիս հայրենական քաղաքական մշակույթին բնորոշ, այսպես կոչված, «անկախ պատգամավորներ»:
«Եթե համարժեք իրավաչափ արձագանք չլինի, ապա կարճ ժամանակ անց այս տվյալները ևս ընկալվելու են իբրև հիմնավոր և գրեթե անվերապահորեն դրվելու են տարաբնույթ դատողությունների հիմքում, ինչը եղել է առ այսօր, ինչին անվարան նպաստում է ժամանակակից քաղտեխնոլոգիան: Ի դեպ, պատահական չէ, որ ադրբեջանական պաշտոնական մամուլն արդեն իսկ լայնորեն տարածում է բաղձալի հաղթանակի լուրը, իսկ փողոցներում ցուցադրվում են համահունչ պաստառներ:
Բնական է, որ այս քվեարկությունը չի կարող փոխարինել հանրաքվեին, սակայն ձևավորված իրավաքաղաքական մշակույթի համատեքստում սա լիուլի բավարար է, որպեսզի հղում անելով հիշյալ ցուցանիշների վրա, պարզապես ավելորդ համարվի որևէ հանրաքվե, և ձեռնարկվեն քայլեր, որոնք արդեն իսկ նախապես արտացոլվել են նախընտրական ծրագրում, հատկապես՝ Հայ Եկեղեցու, և Սահմանադրության առնչությամբ: Այսինքն՝ անգամ հնարավոր չի լինի արձանագրել այն հակասական վիճակը, որ կար 2021թ. ընտրություններից հետո, երբ նախընտրական ծրագիրն ու դե ֆակտո քաղաքականությունը միմյանց ամբողջովին հակասում էին: Այս փուլում ուղղակի կհայտարարեն, որ ժողովուրդը մեզ ձայն է տվել՝ հստակ իմանալով մեր ապագա ծրագրերի մասին: Եթե գրեթե այս բնույթի հայտարարություններ էին անում դեռ 2021թ. ընտրությունների արդյունքների համատեքստում, ապա պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա այսուհետ»,- նշել է մեր զրուցակիցը:
Պարոն Դանիելյանի դիտարկմամբ՝ զանգվածային և բացահայտ խախտումների դեպքում ԿԸՀ-ն պարտավոր է Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունները և նշանակել վերաքվեարկություն: «Չեմ կասկածում, որ բավարար հիմքեր դեռ կարտացոլվեն անգամ ակնհայտ զգուշավոր և կողմնակալ միջազգային դիտորդական առաքելության եզրակացություններում, որպիսիք արդեն կան նաև միջանկյալ զեկույցներում: Այդ որոշման ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Անկեղծ, չեմ կանխատեսում, որ ԿԸՀ-ն ողջամտորեն կգնա այդ իրավաչափ քայլին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իրականում, այսպես կոչված, «փոշիացած քվեների» մասին մոլորեցնող պարզաբանումների համատեքստում շուտով կհամոզվեք, որ 50 տոկոսը չգերազանցող ցուցանիշը «օրենքի ուժով»՝ հենց այդ քվեների շնորհիվ, զգալիորեն կգերազանցի 50 տոկոսը: Այնպես որ երկու տասնյակի հասնող կուսակցությունները զուր չեն ջանացել:
«Ցավոք, անչափ վատ կանխատեսումներ ունեմ՝ թե բարոյահոգեբանական և թե Երկրի ու ժողովրդի ճակատագրի կտրվածքով, և ամենաշատը ինքս կուզենամ սխալված լինել»,- ասել է Գ. Դանիելյանն ու ընդգծել. «անկախ արձագանքի բնույթից ու ընթացքից, այս փուլում իրավաքաղաքական հարթությամբ ամենաճշգրիտ քայլը, իմ համոզմամբ, մանդատներից հրաժարվելն է, դրանք չեն կարող բաշխվել այլ ուժերի, բայց էապես կխոչընդոտեն ակնկալվող վտանգավոր իրավիճակի զարգացմանը՝ ընդգծելով այս իշխանության ծայրահեղ ոչ լեգիտիմ էությունը: Իրավունքի գերակայությունը հարգող քաղաքական ուժը չի կարող համակերպվել այսօրինակ ծայրահեղ խախտումների հետ: Չպետք է անտեսել, որ ադրբեջանական իշխանությունը հենց այնպես չի տոնում հաղթանակը, արդեն հպարակավ արտահայտվում են առաջիկա քայլերի, այդ թվում՝ խաղաղ ճանապարհով ադրբեջանցիների բնակեցման մասին:
Գործիչն ընդգծում է, որ մանդատներից հրաժարվելը արդարացված է ոչ միայն աննախադեպ տարածված ընտրական խախտումների փաստով, այլ այն հանգամանքով, թե ինչպես է այս իշխանությունը հետևողականորեն անտեսում խորհրդարանական ընդդիմությանը և վերջինիս դիտարկում սոսկ ժամանակ առ ժամանակ բռնաճնշումներով նսեմացնելու և մեղավորներ կարգելու հարմար գործոն: Ոստի հարկ է զրկել նրանց այդ անբնական գայթակղությունից:
Աղբյուր՝ Փաստինֆո









