ChatGPT-ի ստեղծող OpenAI-ը հայտարարել է, որ գաղտնի փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին՝ ապագայում նախնական հրապարակային առաջարկ՝ IPO իրականացնելու նպատակով։
Ընկերությունը դեռ չի հստակեցրել, թե երբ կարող է դուրս գալ բորսա։ OpenAI-ի հայտարարության համաձայն՝ ժամանակացույցի վերաբերյալ վերջնական որոշում չկա, քանի որ որոշ հարցեր ընկերության համար կարող են ավելի հեշտ լուծվել մասնավոր ընկերություն մնալու պայմաններում։ Միևնույն ժամանակ, ներկայացված փաստաթղթերը OpenAI-ին հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում ավելի արագ անցնել հրապարակային ընկերություն դառնալու գործընթացին։
OpenAI-ի այս քայլը սպասվում էր ամիսներ շարունակ, սակայն այն առանձնապես ուշագրավ է այն պատճառով, որ տեղի է ունենում ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից, երբ մրցակից Anthropic-ը՝ Claude չաթբոտի ստեղծողը, ևս հայտարարել էր բորսա դուրս գալու ծրագրերի մասին։
AI ոլորտի խոշոր խաղացողների միջև մրցակցությունը սրվում է նաև SpaceX-ի ֆոնին։ Իլոն Մասկի ընկերությունը ևս պատրաստվում է Nasdaq-ում հայտնվել՝ գնահատվելով շուրջ 1.75 տրիլիոն դոլար։ SpaceX-ին է պատկանում նաև վիճահարույց Grok չաթբոտը։
OpenAI-ն և Anthropic-ը այսօր համարվում են արհեստական բանականության ոլորտի ամենաուժեղ մրցակիցներից։ Anthropic-ը համահիմնադրել է Դարիո Ամոդեյը, որը տարիներ առաջ հեռացել էր OpenAI-ից՝ Սեմ Ալթմանի հետ ունեցած տարաձայնություններից հետո։ Այսօր երկու ընկերությունները մրցում են ոչ միայն տեխնոլոգիական առաջատարության, այլև օգտատերերի, կորպորատիվ հաճախորդների, ներդրողների և կապիտալի համար։
Վերջին մասնավոր գնահատումների համաձայն՝ OpenAI-ը գնահատվել է շուրջ 852 միլիարդ դոլար, իսկ Anthropic-ը՝ շուրջ 965 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ երկու ընկերություններն էլ մոտենում են 1 տրիլիոն դոլար գնահատման շեմին։
OpenAI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը վերջերս հայտարարել էր, որ չի շտապում ընկերությունը դուրս բերել բորսա և դա կանի այն ժամանակ, երբ դա իմաստ կունենա։ Սակայն ընկերությունը հիմա նշել է, որ որոշել է հրապարակել IPO-ի նախապատրաստման մասին տեղեկությունը, քանի որ ակնկալում էր, որ այն կարող է արտահոսել։
Բորսա դուրս գալը OpenAI-ի, Anthropic-ի և SpaceX-ի նման ընկերություններին կարող է ապահովել միլիարդավոր դոլարների նոր կապիտալ։ Դա հատկապես կարևոր է AI ընկերությունների համար, քանի որ արհեստական բանականության մոդելների մշակումը, ուսուցումը, փորձարկումը և հանրությանը հասանելի դարձնելը պահանջում են հսկայական հաշվողական ռեսուրսներ։
OpenAI-ի տարեկան հաշվողական ենթակառուցվածքների և մշակման հզորությունների ծախսերը գնահատվում են ավելի քան 100 միլիարդ դոլար, մինչդեռ ընկերության եկամուտները դեռ այդ ծախսերի համեմատ զգալիորեն ավելի փոքր են։ SpaceX-ը նույնպես դեռ հեռու է կայուն շահութաբեր բիզնես համարվելուց։
Anthropic-ը, իր հերթին, ներդրողներին հայտնել է, որ ակնկալում է շահութաբեր դառնալ այս տարվա առաջին կեսին՝ Claude-ի և հարակից ծառայությունների վաճառքի աճի շնորհիվ։
Եթե այս ընկերությունները դառնան հրապարակային, նրանք ստիպված կլինեն պարբերաբար բացահայտել իրենց ֆինանսական ցուցանիշները և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել բիզնեսի իրական արդյունքները։ Սա կարող է դառնալ կարևոր փորձություն AI ոլորտի համար՝ ցույց տալու, թե արդյոք ներդրողների մեծ սպասումները համապատասխանում են ընկերությունների իրական եկամտաբերությանը։










