Սամվել Կարապետյանը խոստանում է ավելացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, ձևավորվել է անվտանգային հարցերով միջազգային թիմ․ Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը։

Կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը բեմում ցուցադրեց մի շարք լուսանկարներ, որոնցում հիմնականում ներկայացված էին Արցախում տեղի ունեցած ռմբակոծությունների տեսարաններ։

Նրա խոսքով՝ այդ պատկերները առավել խոսուն են, քան ցանկացած խոսք՝ ցույց տալով երկրի ներկայիս անվտանգային համակարգի վիճակը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության տեսլականը՝ ուժեղ պետություն կառուցելու ուղղությամբ։

Լուսանկարներից մեկում պատկերված էր Ստեփանակերտում գտնվող Հովսեփյանի մորաքրոջ բնակարանը, որն այժմ ամբողջությամբ ավերված է։ Նա նշեց, որ այնտեղ սերունդներ են մեծացել, սակայն շենքն այլևս գոյություն չունի՝ այն հողին է հավասարեցվել՝ թույլ և ազգային շահերը չպաշտպանող իշխանությունների հետևանքով։ Միևնույն ժամանակ ներկայացվեց մեկ այլ լուսանկար, որը հիշեցրեց այն օրը, երբ Արցախում մեծ ոգևորություն էր տիրում՝ Սամվել Կարապետյանի կողմից կառուցված տարածաշրջանում եզակի հիվանդանոցի բացման առթիվ, որտեղ հազարավոր զինվորների կյանքեր են փրկվել։

Հովսեփյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում, երբ տարածաշրջանում հակամարտությունների ռիսկերը մեծանում են, գործող վարչապետը որոշել է կրճատել պաշտպանական բյուջեն, մինչդեռ Սամվել Կարապետյանը խոստանում է այն ավելացնել։

Նա անդրադարձավ նաև ՍՈւ-30 կործանիչների գնմանը՝ նշելով, որ դրանց համար ծախսվել է շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն դրանք չեն կիրառվել պատերազմի ընթացքում՝ հրթիռների բացակայության պատճառաբանությամբ։ Նրա գնահատմամբ՝ այդ ծախսը եղել է անարդյունավետ, և նույն միջոցներով հնարավոր էր ձեռք բերել ավելի արդյունավետ զինտեխնիկա՝ հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ, հակաօդային հրթիռներ և այլ միջոցներ։

Խոսելով անվտանգային քաղաքականության մասին՝ Հովսեփյանը նշեց, որ առաջնայինը սահմանների պաշտպանությունն է։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն՝ ապահովելու համար սահմանների շուրջօրյա պաշտպանությունը, ինչպես նաև ստեղծել ազգային կիբերանվտանգության ծառայություն՝ երկրի թվային ենթակառուցվածքները և ռազմավարական համակարգերը պաշտպանելու նպատակով։

Ներկայացնելով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները՝ նա ընդգծեց, որ դա ազգային ամոթի դրսևորում է՝ նշելով, որ գործող իշխանությունները հրաժարվել են գերիների վերադարձի օրակարգից։ Միաժամանակ նա փոխանցեց Սամվել Կարապետյանի խոստումը՝ վերադարձնել բոլոր գերիներին։

Եզրափակելով՝ Հովսեփյանը նշեց, որ տարիներ շարունակ խոսվել է խնդիրների մասին, իսկ այժմ ներկայացվում են դրանց լուծումները։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ ձևավորվել է անվտանգային հարցերով միջազգային թիմ, որը նպատակ ունի համախմբել միջազգային ներուժը՝ ծառայեցնելով Հայաստանի ազգային շահերին, և այդ գործընթացն արդեն ընթացքի մեջ է։

Shares: