Սիրիայում քրդերի ինքնավարության պաշտպանական գծերը քանդվում են. ինչո՞ւ ԱՄՆ այլևս չի աջակցում քրդերին

Վերջին մեկ ամսվա զարգացումների արդյունքում այնպիսի պատկեր է ստեղծվում Սիրիայում, որ քրդական ուժերը, եթե ունեին ընդհանուր պաշտպանական ինչ-որ մի գիծ և ինքնավարություն որոշ տարածքների հանդեպ, դրանք շղթայաձև քանդվում են ու կորցնում են այս ամբողջը։ Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Հայկ Քոչարյանը։

«Այստեղ, ակնհայտ երևում է, որ չկա նախկին քաղաքական և ռազմական աջակցությունը հիմնականում Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե, քրդերը փորձում են իրենց ուժերի ներածին չափով դիմադրել, բայց Մերձավոր Արևելքի նոր անվտանգային ճարտարապետության տեսանկյունից, քրդերի ինքնավարությունը կամ քրդական պետությունը այս պահին, կարելի է ասել, օրակարգից հանված է,։ Քրդերը շատ ծանր վիճակում են այս պահին գտնվում։ Սա նման են նրան, որ եթե անգամ ինքնավարության հարցը չի հանվում օրակարգից, առնվազն երկար ժամանակով հետաձգվում է։ Այսինքն պայմանները բարանպաստ չեն այլևս դրա համար»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ  քրդերը զրկվեցին ԱՄՆ-ի աջակցությունից, արդյոք եղել է ԱՄՆ-Թուրքիա գործարքը և եթե այո, ապա ինչի դիմաց, Քոչարյանը պատասխանեց. «ԱՄՆ–ն փորձում է չխառնվել շատ մանր հարցերով տարածաշրջանի գործերին։ Տարածաշրջանում կան հիմնական խաղացողներ, որոնց տրված է քարտ–բլանշ դիրքավորվելու, մյուս կողմից Միացյալ Նահանգներին պետք է, որպեսզի այս տարածաշրջանի ենթակառուցվածքները աշխատեն, իսկ դա միասնական Սիրիայի պարագայում ավելի հավանական է, քան ինչ-որ խնդիրներ ունեցող կամ մասնատված Սիրիայի պարագայում։ Նաև ԵՄ–ն է խրախուսում Դամասկոսի քաղաքականությանը երկրի ներսում կենտրոնական իշխանությունը ամրապնդելու հարցում՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն։ Բոլորին այս «միջին միջանցքի» կտորը և այդ ենթակառուցվածքները պետք են, դրա համար եթե մինչ այս պահը քրդերն ունեին հնարավորություն հաջողության հասնելու, հիմա աշխարհաքաղաքական տեսանկյունից, իրենց նպաստող, աջակցող, նրանց շահերը սպասարկող ոչ մի իրավիճակ չկա։ Բացառություն կարող է լինել Իսրայելը, որ որոշակի հարցեր կարող է բարձրացնել, բայց Իսրայելն էլ է լռում, որովհետև վերջինս էլ իր հաշվարկներն ունի տարածաշրջանում, և այն հարցերը, որոնք ԱՄՆ–ի հետ համաձայնեցված չեն, փորձում էր ավելի շատ չխանգարել ԱՄՆ–ին կամ այս հարցում աջակցել նրան։Դա չի նշանակում, որ քրդական գործոնը նրանք չեն օգտագործի հետագայում։ Որովհետեւ եթե Սիրիայի հետ եղավ համաձայնության ԱՄՆ–ի միջնորդությամբ, դսա փաստացի դժվարացնում է Իսրայելին ազատ գործելու հնարավորությունը»,– նկատեց արաբագետը։

Նա հավելեց, որ իրավիճակի այս փոփոխությունն ազդել է նաև ներքրդական խմորումների վրա. « Փաստացի, այն գործոնները, որոնք կարող էին օգնել քրդերին, այս պահին չկան, շատ թուլացած է քրդական գործոնը։ Այսօր էլ քրդական ուժերը հանդիպում ունեն Սիրաիյի ղեկավարի հետ, և առաջվա պես չեն կարող պարտադրողի կամ պահանջողի դիրքերից խոսել, որովհետև իրավիճակը հողի վրա շատ է փոխվել է։ Փաստացի, երկու կտոր է մտացել քրդերի վերահսկողության տակ, որոնք իրարից կտրվել են, և այդ ամբողջը անցել է Դամասկոսի վերահսկողության տակ»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Սիրիայում քրդական հարցի լուծումը արդյոք չի բերում Թուրքիայի առավել ուժեղացմանը, թե Մերձավոր Արևելքում, թե գուցե դրա էֆեկտով նաև մեր տարածաշրջանում, Հայկ Քոչարյանն ասաց. «Թուրքիայի դիրքերը այս հարցում երբեք էլ թույլ չեն եղել։ Քրդական գործոնը Սիրիայում թուլանցնելը և չեզոքացնելը, բնականաբար, ավելի է պնդացնում Թուրքիայի դիրքերը»։

Shares: