Քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, ակցիա դատարանի բակում

Դատարանը վերսկսել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին այսօր դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով: Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ իրավունք չունի խոսելու, փաստաբաններն էլ հավելեցին, որ՝ կա սահմանափակում:

Ամռանը իշխանության թիրախում հայտնված՝ Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:

Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: 60-ամյա միլիարդատերը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին:

Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում հայտարարեց՝ «ինչո՞ւ բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորող Սամվել Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ»։ Վարդևանյանը խոսեց նրա՝ եկեղեցին պաշտպանելու մասին, ասաց. «Ի՞նչ պիտի աներ՝ խրախուսե՞ր եկեղեցու դեմ գործողությունները։ Այդպես էլ մենք չհասկացանք այդ 40 վայրկյանանոց հարցազրույցի մեջ «մեր ձևով» արտահայտության վտանգավորությունը»

Վարդևանյանն ասաց, որ այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ այս գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում գտել է, որ չկա հիմնավոր կասկած: Նույն այս դատավորն է ամիսներ առաջ Կարապետյանին ենթարկել տնային կալանքի։

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա կուսակիցներն ու համախոհները:

https://t.me/azatutyuntv

Shares: