Դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից, թե ինչ հիմքով՝ դեռևս հայտնի չէ։ 

Նախարարության միջնորդությունը ԲԴԽ-ում կքննվի մայիսի 11-ին։ Նշենք, որ մինչ այդ՝ ապրիլի 27-ին, ԲԴԽ-ում կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից։ Նույն օրը նախատեսված է նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ որոշման եզրափակիչ մասի հրապարակումը։  Աթոյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից՝ երեխայի որդեգրման փաստը հաստատելու մասին որոշումը, ինչն, ըստ նախարարության՝ եղել է առանց իրավական հիմքի և համապատասխան եզրակացության։ Աթոյանն ընդունել է երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումը, հաստատել որդեգրման փաստը, թեև դիմողը հաշվառված չի եղել՝ որպես որդեգրել ցանկացող անձ, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, ինչով, ըստ նախարարության՝ խախտվել է ընտանեկան օրենսգրքի 113֊րդ, 114֊րդ և 116-րդ հոդվածների, ինչպես նաև և քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի, 127֊րդ հոդվածների պահանջները: Դատավորի ներկայացուցիչը ԲԴԽ-ում պնդել է, որ դա չի կարող որակվել որպես կարգապահական խախտում։ 

Shares: