Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել են նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։ Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները: Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել:









