Ով է լինելու «Մեր Ձեւով»-ի վարչապետի թեկնածուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերին «Մեր ձեւով» շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Երեկ շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց, եւ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը: Հայտարարվեց, որ փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի օրը, կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը: Նարեկ Կարապետյանը հավելեց նաեւ, որ վաղուց են որոշել թեկնածուին։ Անցած ամիսներին խոսակցություններ կային, որ վարչապետի թեկնածուն հնարավոր է լինի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ իշխանական քարոզչամեքենան էլ վայրի արշավ էր սկսել նրա դեմսեւ քարոզչություն էին անում, քրեական վարույթներ ծրագրում, սակայն տեղեկություններ ունենք, որ Կարապետյանը չի կարող առաջադրվել նա վարչապետի թեկնածու առաջադրվելու ցենզին չի համապատասխանում: Մասնավորապես, վերջերս խախտել է մեկ տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու` Հայաստանում ապրելու ցենզը: Ընդ որում, տեւական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս՝ գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձեւավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը: Հիշեցնենք․ միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ տարվա առնվազն կեսը (առնվազն 180 օր) Հայաստանում բնակվելու պահանջը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս բնակված լինի Հայաստանում։ Իսկ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է եւ կարող է լավագուն դեպքում ավագանու ցուցակում ընդգրկվել։ Ըստ ամենայնի, թեկնածուն կլինի Նարեկ Կարապետյանը, որն արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել եւ հանրության համակրանքը նվաճել»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Shares: