Հեղուկ գազով մեքենա վարելն ավելի ձեռնտու էր, քան բենզինով` մինչեւ այն պահը, երբ այդ ապրանքատեսակի գինը Հայաստանով մեկ կտրուկ բարձրացավ, 250-270 դրամից հասնելով 320 դրամի: 1 լիտր բենզինը միջինում արժե 450 դրամ, եւ սա նշանակում է, որ շուտով Հայաստանում կրկին կսկսեն բենզինով մեքենա վարել: Նոր ռեկորդային գինը՝ 320 դրամ լիտրի համար, արդեն քանի օր է՝ չի իջնում: Բազմաթիվ բենզալցակայաններում հեղուկ գազ չկա: Որպես պատճառ՝ կառավարության վերջին նիստում նշվեց Լարսի անցակետի փակ լինելը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Ամեն տարի Լարսում երբ որ ճանապարհային խնդիր է լինում, հեղուկ գազը թանկանում է, լուրջ պրոբլեմ գոյություն չունի, ու դեֆիցիտ գոյություն չունի»: Իսկ վարչապետը, որին այնքան էլ դուր չեկավ «պրոբլեմ չկա» ձեւակերպումը, հակառակը՝ պնդեց, որ կա պրոբլեմ, եւ որ «էս տարի դեկտեմբերին էդ հարցը էլ չի լինի»: Լուծումը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանից հեղուկ գազ բերելն է: Այս ուղղությամբ ներկայում աշխատում է էկոնոմիկայի նախարարությունը՝ արդարացնելով այն կանխատեսումները, թե հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծելով, փորձում են խորացնել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները եւ հեղուկ գազը ոչ թե անմիջապես Ռուսաստանից, այլ Ադրբեջանով բերել: Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ հենց ադրբեջանական էժան բենզինը ներմուծեցինք, Ռուսաստանից բերվող հեղուկ գազը թանկացավ, ի՞նչ կապ կա այս երկուսի միջեւ: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում են. «Գները փոխկապակցված չեն, այլ առկա է խնդիր, որը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ որ մենք հեղուկ գազ ներմուծում ենք Իրանից ու Ռուսաստանից: Բայց Իրանում, հայտնի հանգամանքներով պայմանավորված, առաջացել են ներմուծման հետ կապված պրոբլեմներ, իսկ Ռուսաստանի հետ խնդիրը հիմնականում Վերին Լարսի հետ է կապված: Խնդիրները հիմնականում հնարավոր կլինի լուծել, երբ արդեն կկարողանանք Ադրբեջանի տարածքով ռուսական հեղուկ գազը երկաթուղու միջոցով ներմուծել Հայաստան»: Ո՞ր մարմինն է վերահսկում հեղուկ գազի գինը: Նախարարությունից պատասխանում են. «Հեղուկ գազի գնի հետ կապված՝ նախարարությունը վերահսկողություն չի իրականացնում»: Խորհուրդ են տալիս դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այնտեղից էլ, ինչպես միշտ, պատասխանում են, որ մեզ սխալ են ուղղորդել. «Եթե տվյալ շուկայում չկա գերիշխող դիրք ունեցող ընկերություն, գինը չենք կարող նայել»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:








