Մեր պաշտպանյալ, 18 տարեկան դպրոցական, ծանր առողջական խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանը կալանավորվեց. Պաշտպան Հակոբ Կուրեղյան

Մեր պաշտպանյալ, 18 տարեկան դպրոցական, ծանր առողջական խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանը կալանավորվեց։

Ամեն օր, երբ կարծում ենք, որ իրավունքի գերակայության ոտնահարումը հասել է իր գագաթնակետին, ականատես ենք լինում դրա էլ ավելի աբսուրդային դրսևորումներին։

Ավելորդ է խոսել այն մասին, որ Դավիթին վերագրվող «հանցանքի» հիմնավոր կասկածի նվազագույն շեմն անգամ չի հաղթահարվում, բացակայում են խափանման միջոցի կիրառման հիմքերը։ Ավելորդ է խոսել նաև անձի՝ ընդամենը 18 տարեկան, առողջական խնդիրներ ունեցող դպրոցականի նկատմամբ բանտային կալանքի կիրառման հնարավոր հետևանքների մասին՝ թե՛ սոցիալ-հոգեբանական առումով, թե՛ ֆիզիկական առողջության տեսանկյունից։ Իր դպրոցի վերջին զանգին պատրաստվելու փոխարեն Դավիթը գտնվելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ զրկված նաև իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունից։

Կալանքը շարունակում է օգտագործվել որպես պատժիչ գործիք, անձանց ահաբեկելու միջոց՝ անգամ Դավիթի նման դպրոցականների նկատմամբ։

Նշվածն այլ կերպ, քան ազգային ողբերգություն, որակել հնարավոր չէ։

Դավիթ Մինասյանի պաշտպան՝ Հակոբ Կուրեղյան

Shares: