Արտահերթ համագումարում ընտրվել եմ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ

Հարգելի ընկերներ, գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ, մենք՝ հիմնականում իրավաբան և փաստաբան գործընկերներով և ավելի լայն շրջանակով, բավականին երկար ժամանակահատված է, ինչ քննարկում ենք պետության ապագայի մասով մեր պատկերացումները և անելիքները։ Ի վերջո, գուցեև ոչ այնքան հեշտ, բայց որոշում կայացրեցինք հրաժարվել մեր հանգիստ կյանքից և մտնել մեծ պատասխանատվության տակ։

24.03.2026 թվականին՝ Նոր Դարաշրջան կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել եմ նույն կուսակցության նախագահ։ 

Ի թիվս այլնի, կուսակցության և մեր բոլորի նպատակն է ազատ, ինքնիշխան և իրավական պետության ձևավորումը, ինչը պետք է իրականացվի պետության ողնաշար հանդիսացող անկախ և անաչառ դատական իշխանության (համակարգի) ձևավորմամբ և ամրապնդմամբ՝ բացառելով իրավական անվտանգության և իրավական որոշակիության դեմ ուղղված ցանկացած միջամտություն։

Այս նպատակին հասնելը շատ բարդ է, բայց իրագործելի։ Բարդ է հատկապես այն պարագայում, երբ մենք մեր ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում տեսնում ենք, թե ինչ իրավական քաոսի մեջ է հայտնվել ողջ իրավապահ համակարգը, ինչն անխուսափելիորեն ազդել և ազդում է նաև դատական համակարգի վրա։
Կուսակցության անդամներ են իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքագետներ, մաթեմատիկոսներ և ամենատարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր մտահոգված են և պատրաստակամ իրենց ունեցած հնարավորություններով, գիտելիքներով և փորձով մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։
Այդ նպատակին հասնելու համար մեր կուսակցությունը քաղաքական խորհրդակցություններ և հանդիպումներ է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ և առաջիկայում հանդես կգա հստակ դիրքորոշմամբ և հայտարարությամբ։

Նոր Դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը 2006-2007 թվականը աշխատել է «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

2008-2011 թվականի մարտ ամիսը աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմում՝ որպես դատավորի օգնական։

2009 թվականին ստացել է փաստաբանական գործունեության թիվ 916 արտոնագիրը, սակայն փաստաբանությամբ զբաղվում է 2011 թվականի մարտ ամսից։

2012 թվականից հանդիսանում է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ-ի տնօրեն։

2015 թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ։

2019 թվականի սեպտեմբերից առ այսօր աշխատում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 01․10․2021 թվականին ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով։ Թեկնածությունն առաջադրված է եղել «Ֆրանսախոս փաստաբանների միություն» ՀԿ-ի կողմից։

2003-2007թթ․ հանդիսացել է Alliance Jeunesse-ի նախագահ։

2007 թվականի փետրվարին հիմնադրել է Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը և ընտրվել նախագահ մինչև 2008թ․։

2006 թվականի սեպտեմբերի 20-30-ը ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ժակ Շիրակի պատվիրակության ուղեկցության աշխատանքներին և ստացել անհատական պարգև։

2011 թվականից հանդիսանում է «Արտասահմանում բնակվող ֆրանսիացիներ» ընկերության բարեկամ։

Ուսումնական պրակտիկան անցկացրել է Ֆրանսիայի հանրապետության «Արամին» ընկերության միջազգային վարչությունում։ Ունի ինչպես հայկական, այնպես էլ Ֆրանսիայի Լիոն 3 համալսարանի պետական դիպլոմներ։

Հանդիսանում է «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանական Հ/Կ-ի համահիմնադիր։

Shares: