Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ Հայոց Եկեղեցու ավանդույթի, հիմնադրվել է Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների կողմից դեռևս I դարում՝ վերջիններիս քարոզչության շրջանում: Հենց այդ պատճառով է Եկեղեցին կոչվում «Առաքելական», այսինքն` առաքյալների կողմից հիմնված։ Նշվածն ունի նաև Աստվածաշնչյան հիմքեր։ Այսպես, Մատթէոսի ավետարանում կարդում ենք Հիսուսի խոսքերը․
«Եւ ես քեզ [դիմում է առաքյալ Սիմոն Պետրոսին] ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»։ (Մատթ․ 16․18-19)
Ավելին, ըստ Մատթէոսի ավետարանի՝ Յովհաննէս (Հովհաննես) Մկրտիչը մկրտում էր ջրով։ Վերջինս մկրտել է նաև Հիսուսին, իսկ Հիսուսը, Յովհաննէսից մկրտվելով, մկրտում էր Սուրբ Հոգով (Մատթ․ 3․1-17)։ Հետագայում Հիսուսը Գալիլիայում հանդիպելով իր աշակերտներին (առաքյալներին) ասում է նրանց․
«Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: (Մատթ․ 28․18-20)
Այսպիսով, առաքյալներն իրենց շնորհները ստացել են անմիջապես Քրիստոսից։ Եվ ուղարկված (առաքված՝ որտեղից էլ բխում է «առաքյալ» բառի բացատրությունը՝ ըստ բացատրական բառարանների) լինելով Հիսուսի կողմից՝ քարոզելու, կրթելու և մկրտելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, առաքյալներն իրենց շնորհները փոխանցել են սերունդներին: Հենց սա է Սրբազան Ավանդությունը, որով, ի թիվս այլնի, մինչ օրս ղեկավարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ըստ Եկեղեցու Կանոնադրության:
Հատկանշական են նաև նշվածի վերաբերյալ հիշատակումները պատմական աղբյուրներում։ IV դարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» աշխատությունում նշվում է․
«Եվ իրոք, առաքյալները դարձան հիմքեր, ստացան քահանայության, մարգարեության, առաքելության և երկնավոր խորհրդի գիտության շնորհները։ Եվ սա եկավ-հասավ Աբրահամի սերնդին, իսկ ժառանգության ավանդապահ Հովհաննեսը այն տվեց Տիրոջը և Տերը տվեց առաքյալներին։ Արքայության փականքները (բանալիները) տվեց նրանց ձեռքը (․․․)։ Արդ, Հովհաննեսը քահանայապետությունը, օծությունը, մարգարեությունը և թագավորությունը տվեց մեր փրկիչ Քրիստոսին և Քրիստոսը տվեց առաքյալներին, իսկ առաքյալները՝ եկեղեցու մանկանց»։
Ուստի, հիմնազուրկ են այն բոլոր պնդումները կամ կարծիքները, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնադրվել է պետության (ի դեմս՝ թագավորի) կողմից։ Ըստ պատմական աղբյուրների՝ Տրդատ III թագավորը IV դարում նպաստել է Եկեղեցու զարգացմանը և քրիստոնեության տարածմանը, սակայն, ինչպես արդեն նշվեց, քրիստոնեությունը Հայաստանում սկսել է տարածվել շատ ավելի վաղ, քան 301 թվականին Տրդատ III-ի կողմից այն որպես պետական պաշտոնական կրոն ճանաչվելը: Բացի այդ, թագավորը Եկեղեցու ներքին գործերի նկատմամբ որոշիչ ազդեցություն, Եկեղեցու նկատմամբ իշխանություն չի ունեցել: Ավելին, նույն «Հայոց պատմություն»-ում կարդում ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը քահանայապետությունը ստանձնել է ոչ թե թագավորի հորդորով կամ հրամանով, այլ միայն սուրբ կաթողիկոս Ղևոնդիոսի գլխավորած եպիսկոպոսների ժողովի կողմից ձեռնադրվելուց հետո:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսպիսով տարբերվում է «պետական» եկեղեցիներից, ինչպես օրինակ՝ 1536 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ի կողմից ստեղծված Դանիայի լյութերական (բողոքական) եկեղեցին։
Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության և օրենքի մակարդակում ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Միևնույն ժամանակ, ողջ վերոգրյալի համատեքստում եզրակացնում ենք, որ անկախ Սահմանադրության և օրենքների ձևակերպումներից, Եկեղեցու ներքին ինքնուրույնությունն ունի վերպետական, վերաշխարհիկ բնույթ, որի նկատմամբ ցանկացած միջամտություն և ոտնձգություն խիստ դատապարտելի է:
Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակի փաստաբան՝ Հակոբ Կուրեղյան։










