Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցումը իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման համատեքստում նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում, հայտնել է Երեւանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
«Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ եւ, ընդհանուր առմամբ, անթաքույց ազդանշան է տալիս իր գործընկերներին այն մասին, որ նրանք պետք է աջակցեն այդ քաղաքականությանը, այդ թվում եւ պատժամիջոցների իմաստով։ Իհարկե, դա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերություններում եւ պահանջում է երկու կողմերից շատ խելամիտ, կշռադատված, իմաստուն մոտեցում, ռազմավարական հեռատեսություն»,- ասել է Կոպիրկինը։










