ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին կայացած արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ըստ սահմանված կարգի՝ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պետք է փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը էլեկտրոնային եղանակով ԿԸՀ ներկայացնեն դիմում՝ օգտահաշիվ ստանալու նպատակով։
Գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետը սահմանվել է ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը՝ մինչև ժամը 18:00։ Միաժամանակ, ընտրական ցուցակների գրանցումն իրականացվելու է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը՝ նույնպես մինչև ժամը 18:00։
Մինչև մայիսի 3-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ կհատկացնի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։
Թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները և դաշինքների կազմում ընդգրկված քաղաքական ուժերը պարտավոր են իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնել մինչև մայիսի 13-ը։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։










