ԱՄՆ Գերագույն դատարանը ապրիլի 1-ին կլսի բանավոր փաստարկները «Թրամփն ընդդեմ Բարբարայի» գործով, որը վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին՝ սահմանափակելու «հողի իրավունքով» քաղաքացիությունը (birthright citizenship)։ Գործը կենտրոնանում է Սահմանադրության 14-րդ փոփոխության մեկնաբանության վրա և կարող է էական ազդեցություն ունենալ ԱՄՆ քաղաքացիության իրավական համակարգի վրա։
2025 թվականի հունվարի 20-ին ստորագրված գործադիր հրամանով նախատեսվում էր դադարեցնել ԱՄՆ-ում ծնված երեխաների ավտոմատ քաղաքացիությունը, եթե նրանց ծնողները երկրում գտնվում են անօրինական կամ ժամանակավոր կարգավիճակով։ Մի շարք դաշնային շրջանային դատարաններ կասեցրել են հրամանի կիրառումը՝ արձանագրելով, որ այն, նախնական գնահատմամբ, հակասում է ինչպես Սահմանադրության տեքստին, այնպես էլ Գերագույն դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին։
Հայցվորները հղում են անում 14-րդ փոփոխության քաղաքացիության դրույթին (Citizenship Clause), ըստ որի՝ «Բոլոր անձինք, ովքեր ծնվել կամ բնականոն ճանապարհով քաղաքացիություն են ստացել Միացյալ Նահանգներում և գտնվում են դրա իրավազորության ներքո, հանդիսանում են Միացյալ Նահանգների քաղաքացիներ»։ Նրանք նաև վկայակոչում են 1898 թվականի «United States v. Wong Kim Ark» որոշումը, որով Գերագույն դատարանը հաստատել է, որ ԱՄՆ-ում ծնված երեխաները քաղաքացի են՝ անկախ ծնողների քաղաքացիական կարգավիճակից (բացառությամբ սահմանափակ դեպքերի, օրինակ՝ դիվանագետների երեխաներ)։
Վարչակազմը պնդում է, որ «իրավազորության ներքո» արտահայտությունը պատմականորեն չի ընդգրկել այն անձանց երեխաներին, որոնց ծնողները երկրում գտնվում են առանց օրինական կարգավիճակի։ Բացի բուն սահմանադրական հարցից, գործը ներառում է նաև դատավարական խնդիրներ՝ կապված դաշնային դատարանների լիազորությունների հետ՝ արձակելու համապետական (ունիվերսալ) արգելանքներ գործադիր իշխանության ակտերի նկատմամբ։
Դատարանի որոշումը, որը սպասվում է ամռանը, կարող է վերաիմաստավորել 14-րդ փոփոխության կիրառության սահմանները և հստակեցնել գործադիր իշխանության սահմանադրական լիազորությունները քաղաքացիության հարցերում։









