Hawkins v. McGee գործը ելակետային նշանակություն ունի ամերիկյան պայմանագրային իրավունքում, քանի որ այն ցույց է տալիս, թե երբ կարող է բանավոր խոստումը վերածվել իրավաբանորեն պարտադիր պարտավորության։ Գործի փաստերով՝ բժիշկը համաձայնել էր վիրահատել մի պացիենտի, որը տարիներ առաջ ստացել էր ձեռքի ծանր այրվածք։ Վիրահատության ընթացքում նա հեռացրել էր սպիացած հյուսվածքը և այն փոխարինել պացիենտի կրծքավանդակից վերցված մաշկով։
Նախքան վիրահատությունը բժիշկը ոչ միայն ասել էր, որ պացիենտը հիվանդանոցում կմնա առավելագույնը չորս օր, այլ նաև վստահեցրել էր, որ նրա ձեռքը կդառնա «հարյուր տոկոսով կատարյալ» կամ «հարյուր տոկոսով լավ»։ Սակայն վիրահատությունից հետո ձեռքի վրա աճել էր խիտ մազածածկույթ, և ստացված արդյունքը ակնհայտորեն չէր համապատասխանում տրված խոստմանը։
Այս մոտեցումը կարելի է համադրել նաև ՀՀ քաղաքացիական օրենսդրության հետ։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հիմնվում է պայմանագրի ազատության և կողմերի կամքի ինքնավարության սկզբունքի վրա, իսկ պայմանագիրը ձևավորվում է օֆերտայի (պայմանագիր կնքելու առաջարկը) և ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով։
Ուստի Hawkins v. McGee գործում բժշկի հստակ ու բազմիցս կրկնված հավաստիացումները կարող էին ընկալվել որպես պարտավորեցնող առաջարկի բովանդակություն, իսկ պացիենտի համաձայնությունը՝ որպես դրա ընդունում։
Նյու Հեմփշիրի Գերագույն դատարանը տարբերակել էր բժշկի կարծիքը և պարտավորեցնող խոստումը։ Այնուհետև գտել էր, որ կատարյալ արդյունքի մասին հավաստիացումը կարող էր դիտվել որպես իրական երաշխիք, հաշվի առնելով, որ բժիշկը բազմիցս «համոզել» էր պացիենտի հորը համաձայնել վիրահատությանը։ Այդ պատճառով վնասները պետք է որոշվեին ոչ թե սովորական անզգուշության չափանիշով, այլ խոստացված արդյունքի և փաստացի վիճակի տարբերությամբ։










