Անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագիրը, նշեց, որ շուրջ 30 տարի ծառայելով սահմանին՝ սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր և սպա՝ դա զգալով ոչ թե գրքերից կամ խոսքերից, այլ առաջնագծի իրականությունից՝ Արցախի հողից, Մռավի և Օմարի ձմեռներից։
Նրա խոսքով՝ այդ փորձը թույլ է տալիս հստակ գնահատել հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը, ինչից էլ բխում է՝ Հայաստանին անհրաժեշտ է իրականությանը համապատասխան, թշնամուն ճանաչող բանակ։
Ավանեսյանը ընդգծեց, որ երկրի անվտանգությունը սկսվում է կամքից, ոչ թե ձևականություններից, և այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։ Նրա գնահատմամբ՝ գլխավոր վտանգը ոչ միայն արտաքին ուժերն են, այլ նաև ներսում ձևավորված թուլությունն ու անվստահությունը։
Ներկայացնելով Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը՝ նա առանձնացրեց մի շարք հիմնական ուղղություններ․ նախատեսվում է ներդնել «խելացի սահմանների» համակարգ՝ արհեստական բանականության վրա հիմնված սենսորային ցանցերով և ինքնավար հարվածային միջոցներով, ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման մեխանիզմներ՝ սպառնալիքները վաղ հայտնաբերելու համար, ինչպես նաև ներդնել զինված ուժերի միասնական կառավարման համակարգ։
Կարևոր ուղղություններից մեկը, ըստ նրա, տեղական ռազմարդյունաբերության զարգացումն է, ինչը կնվազեցնի արտաքին կախվածությունը և կբարձրացնի պաշտպանական ծախսերի արդյունավետությունը։ Նա նաև շեշտեց հակաօդային պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկրի երկինքը պետք է լիովին պաշտպանված լինի ժամանակակից միջոցներով։
Ավանեսյանը կարևորեց նաև զինվորական ծառայության հեղինակության վերականգնումը՝ ընդգծելով, որ ուժեղ բանակը հնարավոր է միայն ուժեղ ղեկավարության պայմաններում։ Նրա խոսքով՝ բանակը պետք է դառնա մասնագիտական աճի և բարձր սոցիալական կարգավիճակի հարթակ։
Եզրափակելով՝ նա նշեց, որ անվտանգությունը կառուցվում է զինված ուժերի և դիվանագիտության համադրությամբ, իսկ ուժեղ բանակը ոչ թե պատերազմ է սկսում, այլ կանխում այն։ Ավանեսյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր որոշում և քայլ գնահատվելու է մեկ չափանիշով՝ որքանով այն կուժեղացնի Հայաստանը։









