Պետության վարքագիծը միջազգային հանրային իրավունքում կարող է էական նշանակություն ունենալ տարածքային ինքնիշխանության իրավական կարգավիճակի (title to territory) հաստատման, ինչպես նաև՝ որոշ դեպքերում, տարածքային պահանջից հրաժարման կամ հակադարձ պահանջի առաջադրման հնարավորության բացառման հարցում։ Թեև տարածքային վեճերի լուծման գործընթացում առաջնային նշանակություն ունեն իրավական հիմքերը՝ միջազգային պայմանագրերը, ներպետական նորմատիվ իրավական ակտերը, պատմական փաստաթղթերը և սահմանազատման կամ սահմանագծման վերաբերյալ համաձայնությունները, միջազգային պրակտիկան վկայում է, որ պետության միակողմանի վարքագիծը նույնպես կարող է առաջացնել ինքնուրույն իրավական հետևանքներ։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն ճանաչումը (recognition), լռությամբ համաձայնությունը (acquiescence) և էստոպելը (estoppel)՝ որպես իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով պետության գործողությունները կամ անգործությունը կարող են ազդել տարածքային ինքնիշխանության իրավական գնահատման վրա։
Ճանաչում (recognition)
Միջազգային իրավունքում ճանաչումը կարող է արտահայտվել ինչպես բացահայտ հայտարարությամբ, այնպես էլ՝ համապատասխան վարքագծով։ Եթե պետությունը իր պաշտոնական գործողություններով ընդունում է այլ պետության տարածքային ինքնիշխանությունը կամ սահմանագծի իրավաչափությունը, այդ վարքագիծը կարող է գնահատվել որպես իրավական ճանաչում։ «Պրեահ Վիհեար» գործով (Կամբոջա ընդդեմ Թաիլանդի, Միջազգային դատարան, 1962 թ.) դատարանը եզրակացրեց, որ Թաիլանդի պաշտոնատար անձանց վարքագիծը, ներառյալ վիճարկվող տարածքում Կամբոջայի իշխանությունների գործողություններին չառարկելը և համապատասխան քարտեզը երկար ժամանակ չվիճարկելը, փաստացիորեն հանդիսացել են Կամբոջայի սահմանային պահանջի ճանաչում։
Լռությամբհամաձայնություն (acquiescence)
Լռությամբ համաձայնությունը ենթադրում է, որ պետության կողմից ժամանակին և հստակ առարկության բացակայությունը կարող է մեկնաբանվել որպես իրավական դիրքորոշման ընդունում։ Երբ պետությունը տեղեկացված է կամ պետք է տեղեկացված լինի իր ենթադրյալ իրավունքների հնարավոր խախտման մասին և, այնուամենայնիվ, չի ներկայացնում բողոք, մինչդեռ մյուս պետությունը տվյալ տարածքում իրականացնում է պետական իշխանության դրսևորումներ (effectivités), այդ լռությունը կարող է դիտարկվել որպես համակերպում։ Միջազգային դատարանը բազմիցս ընդգծել է, որ լռությունը կարող է ունենալ իրավական նշանակություն, եթե տվյալ հանգամանքներում առկա է եղել «բողոք ներկայացնելու ակնկալիք»։
Էստոպել (estoppel)
Էստոպելի սկզբունքը, որը ձևավորվել է միջազգային դատական պրակտիկայում, արգելում է պետությանը հետագայում հրաժարվել իր նախկին հստակ, միանշանակ և իրավաբանորեն նշանակալի հայտարարություններից կամ վարքագծից, եթե մյուս պետությունը հիմնվել է դրանց վրա և գործել է դրանց նկատմամբ վստահություն ցուցաբերելով։ Թեև էստոպելը ինքնին չի ստեղծում տարածքային իրավական կարգավիճակ, այն կարող է արգելակել տարածքային պահանջի հետագա առաջադրումը կամ հակասող դիրքորոշման ներկայացումը։
Արձանագրային և միակողմանի հայտարարության իրավական պարտադիր ուժի դասական օրինակ է «Արևելյան Գրենլանդիա» գործը (Eastern Greenland Case (Denmark v. Norway, PCIJ 1933)։ Գործի շրջանակում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական հայտարարությամբ նշել էր, որ Նորվեգիան չի խոչընդոտի Դանիայի ինքնիշխանության հաստատմանը ամբողջ Գրենլանդիայի նկատմամբ։ Հետագայում Նորվեգիան փորձեց տարածքային պահանջ ներկայացնել Արևելյան Գրենլանդիայի մի հատվածի նկատմամբ, սակայն դատարանը եզրակացրեց, որ նախարարի հայտարարությունը հանդիսացել է իրավաբանորեն պարտադիր միակողմանի ակտ։ Արդյունքում Նորվեգիան զրկվեց տվյալ տարածքի նկատմամբ հետագա պահանջ ներկայացնելու հնարավորությունից։
Այս գործը վերահաստատեց միջազգային իրավունքի կարևոր սկզբունքներից մեկը՝ իրավասու պետական պաշտոնյայի հստակ և միանշանակ հայտարարությունը կարող է ստեղծել իրավական պարտավորություն և կանխել հետագայում դրան հակասող տարածքային պահանջի առաջադրումը։
Այսպիսով, միջազգային հանրային իրավունքում որոշիչ նշանակություն ունի ոչ միայն փաստաթղթային իրավական հիմքը, այլև պետությունների հետևողական, հստակ և իրավաչափ վարքագիծը։ Պետության գործողությունները և, որոշ դեպքերում, նաև անգործությունը կարող են ձևավորել իրավական հետևանքներ, որոնք էապես ազդում են տարածքային ինքնիշխանության հետագա գնահատման վրա։
Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակի իրավախորհրդատու Մանե Մուրադյան









