”It is better that ten guilty persons escape than that one innocent suffer…”
«Ավելի լավ է, որ տասը մեղավոր անձ փախչի, քան մեկ անմեղը դատապարտվի…»
1760-ականների մեծանուն իրավաբան Վիլյամ Բլեքսթոնի այս միտքը դարձավ իրավունքում անմեղության կանխավարկածի երաշխիքի հիմքերից մեկը։
Մեր օրերում անմեղության կանխավարկածի մասին հաճախ խոսվում է հատկապես այն ժամանակ, երբ քրեական գործը, որևէ հանգամանքով պայմանավորված, ինքնին հետաքրքրական է։ Այդպիսի գործերից մեկն է Շոն Քոմբսի («P. Diddy») նկատմամբ հարուցված քրեական գործը, որը լայն աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում։
Քոմբսը մեղադրվում էր RICO-ի իմաստով (racketeering activity) (կազմակերպված խմբերի կողմից իրականացվող և բռնությամբ զուգորդվող շորթում), սեռական թրաֆիքինգի և պոռնկության կազմակերպման նպատակով մարդկանց տեղափոխման երկու դրվագ կատարելու համար։ ԱՄՆ Դաշնային դատախազությունը պահանջում էր նրան դատապարտել առնվազն 11 տարի և 3 ամիս ազատազրկման: Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունը տևեց շուրջ յոթ շաբաթ, իսկ վերդիկտ կայացնելու համար պահանջվեց երեք օր։
2025 թվականի հոկտեմբերի 3-ին ատենակալները Քոմբսին մեղավոր ճանաչեցին միայն պոռնկության կազմակերպման նպատակով մարդկանց տեղափոխման երկու դրվագի համար՝ մերժելով առավել ծանր մեղադրանքները։ Դատարանը առաջադրված 11 տարի և 3 ամիս ազատազրկման փոոխարեննշանակեց առավել նվազ՝ 50 ամիս ազատազրկում և 500․000 ԱՄՆ դոլարի տուգանք՝ չբացառելով պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունը:
Գործի արդյունքները ցույց տվեցին, որ լայն իմաստով անտեսվեց անմեղության կանխավարկածը՝ մեղադրանքները կանխավ ապացուցված համարելով, մինչդեռ իրավունքը պահանջում է մեղավորության ապացուցում ողջամիտ կասկածից վեր (beyond reasonable doubt)՝ որպես անձնական ազատության և բարի համբավի երաշխիք։
Տեղին է վկայակոչել հայտնի ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ջոն Մարշալ Հարլանի կարծիքը՝ արտահայտված In re Winship գործով (1970 թ.)՝ «Ես դիտարկում եմ քրեական գործում ողջամիտ կասկածից վեր ապացուցման պահանջը մեր հասարակության այն հիմնարար արժեքի արտացոլում, որ շատ ավելի վատ է դատապարտել անմեղին, քան ազատության մեջ թողնել մեղավորին»։










