Եթե առաջիկա կիրակի օրը կայանային ընտրություններ, երևանցիների 53 տոկոսը կընտրեր Սամվել Կարապետյանի ուժին։ Այս մասին, ըստ «Փաստինֆո»-ի, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ Երևանում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհ է քաղաքացիների 77 տոկոսը, իսկ նրա աշխատանքից բավարարված է միայն 22 տոկոսը։ Մարկոսյանը նշել է, որ հարցումների համաձայն՝ վարչապետի ընտրության դեպքում երևանցիների 53 տոկոսը նախապատվությունը կտար Սամվել Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանին՝ 21 տոկոսը, իսկ 16 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ որևէ թեկնածուի։
Ներկայացված հետազոտության արդյունքներով՝ եթե առաջիկա կիրակի օրը կայանային խորհրդարանական ընտրություններ, քաղաքացիների 34 տոկոսը կքվեարկեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Երկրորդ տեղում, ըստ այդ տվյալների, «Հայաստան» դաշինքն է՝ 20 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհավաքեր 10 տոկոս ձայն։
Մարկոսյանը նաև նշել է, որ այն հարցին, թե որ գործիչը կարող է բարելավել քաղաքացիների կենսամակարդակն ու կյանքի որակը, երևանցիների 42 տոկոսը նշել է Սամվել Կարապետյանի անունը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ստացել է մոտ երկու անգամ պակաս աջակցություն։










